ՈՒղիղ կեսգիշերին տարիքը վաղուց առած, կյանքում ամեն ինչ տեսած Կինը մի անգամ էլ նայեց ժամացույցին և, արդեն կասկած չունենալով, որ էս մի Ընտրյալն էլ է իրեն բացահայտորեն դավաճանում, ինքն իրեն որոշում կայացրեց ու գնաց խորդանոցի կողմը: Էս խորդանոցն էլ պատի մեջ փորված նեղլիկ խորշ հո չէ՞ր, ընդարձակ ու դափ-դատարկ սենյակ էր, որի երեք անկյուններում նրա երեք նախկին Ընտրյալների խրտվիլակներն էին՝ ոտից գլուխ թքի մեջ կորած: Էս խրտվիլակներից յուրաքանչյուրի կենդանի տարբերակի հետ կյանքը կապելով՝ Կինը իր տարիքից էլ մեծ հույսեր էր կապել սրանց հետ, դեռատի օրիորդի պես հավատալով, թե օր ծերության խնամելու-փայփայելու են, չեն թողնելու, որ գլխից մազ պակասի: Հավատացել ու ամբողջ ունեցած-չունեցածը՝ պապ ու տատերից օժիտ ստացած ոսկի, հող-մող, գույք-մույք փաստաթղթերով-բանով բաշխել էր սրանց, սրանք էլ ծախել-ծախծխել, փողն իրենցով էին արել, խեղճին թողել էս մի տարածքի հույսին: Դե, պարզ է, հերթով բաժանվել էր սրանցից, խրտվիլակները սարքել-շարել խորդանոցի պուճախներում, ամեն Աստծո օր հերթով մոտենում, թքակոլոլ էր անում, իմացած բոլոր անեծք-հիշոցներով «կարոտը» առնում ու նոր անցնում իր գործին: Գործն էլ ի՞նչ էր, էս վերջին ջահել-ջիվան Ընտրյալի ճամփեն օրնիբուն պահելը, թե հեսա-հեսա կգա ու հետն էլ կբերի իր նախորդների շորթած-տարածը: Ջահել դու ջահել, ո՜նց էր մատի վրա խաղացնում տարիքն առած էս հարիֆին, ի՜նչ օձի լեզու էր թափում, սիրո ու հավատարմության ի՜նչ գույզգույն հրավառություններ բաց թողնում օդ, լսող-տեսնողը կասեր՝ երնեկ քո տիրոջը: Ինքն էլ էր էդ ճարտար լեզվին խաբվել, ուշքը գնալով բերել-կարգել գլխին տեր-տիրակալ, էլ չգիտեր՝ աչքը նախկին ծովից ծով ունեցվածքից մնացած էս մի բուռ տարածքն է, որ ծախի, փողերն առնի ու հա՜յդե սև ջհանդամի կղզիներ: Բայց դե պառավին կամրջի վրա ինչքա՞ն կխաբես, մի օր էդ անտեր կամուրջը տակիցդ փախչելու է, չէ՞: ՈՒ փախավ:
ՈՒղիղ կեսգիշերին Կինը մտավ խորդանոց ու գնաց դեպի չորրորդ անկյունը, որտեղ տնփեսա Ընտրյալի բերած միակ սեփական ունեցվածքն էր՝ կեղտոտ ու հնամաշ մի ուսապարկ: Դողացող մատներով բացեց ու հիասթափությունից լեզուն կապ ընկավ. մի ճմրթված, կեղտոտ կեպի էր, մի կապուկ գույնզգույն փուչիկ ու մի ծուռումուռ փայտիկ, վրան ֆլոմաստերով խզբզած. «Կախարդական»:
-Սա է՞ր ունեցած-չունեցածդ,-քրթմնջաց Կինը, զզվանքը հաղթահարելով ձեռքն առավ փայտիկը, հետո՝ մի փուչիկ մոտեցրեց բերանին և, ինչքան թոքերում ուժ ուներ, փչեց:
Ականջ խլացնող տրաքոցով փուչիկը պայթեց ու միջից դուրս եկավ Ընտրյալը:
-Տու՜ր,- գոռաց անճանաչելի դարձած հրեշավոր ձայնով:- Ի՜նձ տուր փայտիկը...
-Մեղայասսու,- ճչաց Կինն ու փայտիկով խաչ հանեց Ընտրյալի երեսին:
Էն, ինչ կատարվեց դրանից հետո, բոլորովին չզարմացրեց Կնոջը, ասես վաղուց սպասել էր դրան: Փայտիկը, պայթած փուչիկի կտորտանքն ու ուսապարկը ակնթարթորեն անհետացան, իսկ խորդանոցի չորրորդ անկյունում հայտնվեց Չորրորդ Ընտրյալի խրտվիլակը:
Խաբված լինելու դառնափրփուր մաղձն ու կծու վիրավորանքը Կինը մի շնչով դատարկեց երբեմնի սիրեցյալի դեմքին ու շրխկոցով փակեց խորդանոցի դուռը:
Վե՛րջ:
Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ